Նշենք, որ խոսքը Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված դեպքի մասին է, երբ սպանվել էր 23-ամյա Խաչիկ Մկրտչյանը: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, որն սկզբում ընդունել է իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել է իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ եղավ. մեղադրանք առաջադրվեց միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, որը չի ընդունում մեղադրանքը: Գործը հասարակական ու քաղաքական հնչեղություն ստացավ, երբ դրա քննության ժամանակ կալանավորվեց Հովիկ Թամամյանը: Հայտնի է, որ սույն գործի շրջանակներում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի անունը:
Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, քննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արսեն Ահարոնյանի` Հովիկ Շահինյանի քրոջ որդու, եւ միջադեպի մասնակից Պետրոս Գրիգորյանի հետ, որից հետո Շահինյանի քրոջ որդին իր վրա է վերցրել մեղքը:
Հիշեցնենք, որ Հովիկ Շահինյանը ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն հետո ասել է, թե ինքն է սպանել: Վերջինիս ծնողները պնդում էին, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեեւ մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը: Նշենք, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ։
Ինքը` Հովիկ Շահինյանը, բացառում է իր կապը կատարվածի հետ: Ի դեպ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են նրան պատկանող մեքենայից:
«Ոչ փաստ կա, ոչ ապացույց կա, ոչ մի բան, տենց դատ են անում: Էդպես էլ 15 տարի են տալիս տղայիս: Լրիվ Շահինյանների գերդաստանի ցուցմունքներով Վռամին դատում են: Նրա քրոջ, քրոջ ամուսնու, քեռու տղու, Շահինյան Հովիկի երկու վարորդների, Շահինյան Հովիկի ցուցմունքներով»,- երեկ մեզ բողոքում էր Վռամ Բաղդասարյանի մայրը` Անահիտ Աբրահամյանը, հավելելով, որ իրենք անպայման բողոքարկելու են. «Վկաների ասածն էլ հաշվի չեն առել, մեր փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել, միջնորդությունները մերժել են: Միակողմանի դատ է: Իրանց ոնց պետք էր, տենց էլ արեցին»: Վռամի ընտանիքը պատրաստվում է բողոքարկել վճիռը մինչեւ Եվրադատարան:
www.hraparak.am