Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում
------------------------------------------------------
"Ես…"
Ես իմ հայրենիքն եմ,
Իմ հողն ու իմ տունը,
Ես Հայոց Շուշին եմ
Ես Գանձասարն եմ,
Ես Ավարայրն ու Սարդարապատն եմ,
Ես Արազն ու Արարատն եմ,
Ես "երազի իմ երկիր հայրենի" երգն եմ,
Ես ՄԵՆՔ եմ,
Ես պիտի գոռամ.քեզ հավերժություն`
Իմ հայ ու Հայաստան,
Ես եմ իմ գերեզմանը,
Ես իմ ապագան եմ,
Ներկան միշտ ես եմ,անցյալը ես եմ,
Ես`Ես եմ,
Ես եմ իմ ԵՍ-ը,
Ես եմ իմ ու քո լավ ու վատ ընկերը,
Ես նաև "ԴՈՒ" եմ,
Ես հայոց զինվորն եմ,
Ես ազգիս հերոսն եմ,
Ես եմ դավաճանը,
Ես երախտամոռ եմ,
Ես նախագահ ու վարչապետ եմ,
Ես պատգամավոր ու նախարար եմ,
Ես դատավոր ու դատապարտյալ եմ,
Ես ազգ ու պետություն եմ,
Ես գյուղացի ու քաղաքացի եմ,
Ես աղքատ ու նաև հարուստ եմ,
Ես ամեն ինչ եմ,
Ես նաև ոչինչ եմ,
հասկացի°ր,ես հայ եմ,հայ,
հասկացիր,ես…
08.10.2002թ
Ն.Նորիկյան
---------------------------------------------------------------
"Լույսը բացվել էր…"
...Լույսը բացվում էր:
Առաջին "բարի լույսը", որ տվեց, իրենն էր: Սեղանի ձախ անկյունում դրված մոխրամանից եկող ծխախոտի հոտը տանելի չէր այնքանով, որքանով որ տանելի չէ առաջին անգամ հոր գրպանից թռցրած կոպեկներով գնված ծխախոտի անծանոթ ծուխը…
Հիշեց առաջին ծուխը և խնդաց` լրջությունից անլրջություն տանող մտքի վրա, ու ձեռքը բնազդաբար գնաց դեպի ծխախոտի տուփը:
Կրակայրիչի գազը վերջանալու վրա էր:
Լուցկու տեղը կարծես թե չգիտեր, կամ էլ չէր ուզում քանդել մոր` խնամքով դասավորած դարակները` իբր թե լուցկի գտնելու նպատակով` այդ գիշեր չգիտեմ արդեն որերորդ ծխախոտը վառելու համար…հազում էր. չգիտեր` ծխելուց է,թե մրսելուց:
…Վերցրեց ծխախոտի արդեն դատարկ տուփը և ակամայից հայացքը հառեց այն տողին, որտեղ իբր թե նախազգուշացվում է. "Ծխելը վնասակար է Ձեր առողջությանը":
---Ինչ հիմար մարդիկ են,-եղավ առաջին արձագանքը,-ու նաև միամիտ: Գողն էլ իր զոհին տեղյակ պահի նրան սպառնող վտանգի մասին:
Անասելի մեծահոգություն, թե… ու լույսը բացված էր:
Առաջին քայլը, որ արեց, սուրճ եփելն էր: Ներքին անհագուրդ պահանջ էր զգում քաղցրացված այդ սև ջրի հանդեպ: Դարձել էր անմեռնելի սովորություն:
Սրճի հանդեպ ունեցած սերը երևի եկել էր շուտ մեծանալու վռազությունից. փոքր ժամանակ իրեն տրված խորհուրդներից մեկն էլ այն էր, թե. "Կմեծանաս, նոր սուրճ կխմես":
Եվ հիմա արդեն ինքը մեծ էր, բայց ոչ մեծացած: Փոքրությունը, որ մեծության մեջ իր գոյությունը ցույց տալու համար շնչում էր անխզելի շնչով, հիշեցնում էր իրեն ամեն մի քայլափոխի` նամանավանդ սիրահարվելու ժամանակ:
--Է~, դու էլ ժամանակ ու հավես գտար խոսելու սիրահարվածության մասին,- ասաց ինքն իրեն ու ձեռքը տարավ դարձյալ ծխատուփը:
…Ծխելու առաջին փորձերը երևի մեծության ճամփան բռնելու առաջին քայլերն են եղել: "Իսկ հիմա ինչի են ծխում, -անցավ մտքով, -անհրաժեշտաբար, թե հարկադրաբար":
Դե, ուրեմն, անհրաժեշտությունը, երևի "մեծությունդ" ցույց տալու և տղայականությունդ իբր թե ապացուցելու հեշտացված ու լղոզված ձևն է, իսկ հարկադրաբարը` մեծերից եկած խոսքով` դարդերիդ դարման անելու սին ու անհաջող փորձ:
--Մահը մահով փրկել չի լինի, -մի պահ դարձավ ինքն իր խորհրդատուն, -էնպե’ս որ, ծուխը դարդին դարման չի անի, -ու մոխրամանի մեջ ջարդեց` արդեն մատներն այրող ծխախոտի մնացուկը:
…Եփած սուրճը սառում էր արդեն:
Սրճի ավելորդ դառնությունը, որ նողկալի է այնքանով, որքանով որ նողկալի է շաքարի ավելորդ քաղցրությունը, մի կարճ ժամանակով կորցնում է համի զգացողությունը առհասարակ բոլոր բան-մաների հանդեպ և ուշադրությունը սրում է լոկ դառնության վրա և ոչ թե սրճի:
Առաջին կումն անելուն հետևեց ծխախոտի դարդախեղդ ծուխը և սկսվեց մարմնատանջ հազը…
Զսպելն անհնար էր:
Հազը, որ թոքերի` իր տիրոջն ուղղված աղաչանքի հեշտացված ձևն է, ինչպես նաև ներքին թշնամու գոյության մասին հիշեցնող ազդ, մարդուս այս տարիքում ու վիճակում դառնում է նրա վտանգավոր ու անբաժան ընկերը:
--Վտանգավոր ընկերը որս է, -զարմացավ ինքն իր վրա` բարձրաձայն կարդալով ծխատուփի վրա գրված. "Ծխելը վնասակար է Ձեր առողջությանը" լավ ու վատ բառերն ու միտքը:
…Հաջորդ արարը անսովոր ծիծաղն էր:
Իր վրա էր ծիծաղում, թե գրածի, պարզ կամ էական չէր:
Հուսադրողն այն էր, որ այդ քրքիջի միջից ինձ հասավ հառաչող միտքը.
--Ծխելը վնասակար է ի’մ առողջությանը և ո’չ թե Ձեր: ԵՎ սուրճը`նույնպես…
Լույսն արդեն վաղուց էր բացվել…
08.08.2002թ
Նորայր…
---------------------------------------------------------------
Ասես ով էր մեղավոր...
Հետո,երբ հիշողությունը որպես զգացմունքների անսպառ շղթաներից (կարոտի,արած-չարածի համար զղջալ-չզղջալու,տառապանքի-ժպիտ-հրճվանքի) հյուսված ամբողջական փունջ,կշրջապատի պատանդ գերու պես քեզ,իմ մասին պատկերացումներիդ բուրգը կկառուցես`հենվելով մեր անցած ու դեռ անցնող ճանապարհի խորագիր-խորհրդի ներքո,խնդրում եմ...
Եվ թող հուզականությունը,մեծահոգությունը,չափազանցված մարդասիրությունը հոգեվիճակի դիմակ-երեսով այդ պահ-ժամերին դառնա քեզ համար խորթ ու դավաճան ընկեր...
...Գիտես,տառը,բառը խոսք-միտք,գրվելիք տող դարձնելու համար կենսագրությանդ անցնելիք թերթերում գրված տառ,բառ,խոսք,տող պիտի ունենաս,ամենակարևորը`չկարմրած ու չամաչող տողեր...
--Հպարտություն,ինքնավստահություն,եսասիրություն,հոգու մեծահոգություն,սիրելու ունակություն-համառություն,կամք`նպատակին անցնել-հաղթելու համար...ևայս ամենը մի մարդու մեջ.հնարավոր է...
Շատ եմ լսել,թե մարդը պիտի սիրելը սովորի.
--Ումից...դե,ուրեմն,եթե այդպես է,արի սովորենք սիրել...ում...
Բայց շատ ավելի դժվար է "ես իսկապես այս տողերը անկեղծ եմ գրում" սիրվելը...և էլի նույն ՈւՄԻՑ-ի ուրվականը...պատկերացնում ես.մարդը սովորել է սիրելը,բայց,ցավոք,իսկապես ցավոք,չգիտի ինչպես սիրվել.դեռ չի հասցրել սովորել...երկու երնեկ մի տեղ լինում է...
Միշտ,գրեթե միշտ մարդը վերջում սկսում է մեղադրել իրեն`լավ քայլերի համար`էլ ավելի լավ չանելու,վատ քայլերի համար,որ վատ է:
Եվ,ուրեմն,ուր կորավ իմ ասած հպարտությունը.
...Մարդն ինքն իրեն ներել գիտի...
Հետո,երբ ժամանակն անցնում է,նույն ճանապարհն անցնելու անհասկանալի ցանկությունն է առաջ գալիս,ծնվում…մարդն իմացավ,թե որտեղից եկավ և ուր հասավ…
Մի անգամ ինձ հարցրեցին,թե Նորիկյան Նորո, դու ինչի սիրած աղջիկ չունես: Կկռահես պատասխանս.
--Ով ասեց,թե սիրած աղջիկ չունեմ.կորցրել եմ…
Հիմա հասկացար,որ մարդը միշտ ու ամեն օր կորցնում է ինչ-որ բան`ժամ,օր,ամիս,տարի,նպատակ,ճանապարհ,սիրած էակ,սրանց ողջ գումարը`կյանք,հասկանում ես,մարդը կյանք է կորցնում…հետաքրքիր է,մարդը ինչ-որ բան գտել է…
Եվ,ուրեմն, երբ ասում են,թե ով փնտրում է,նա գտնում է,ես ասում եմ`չեմ հավատում այս տողերին…դու ինքդ քեզ գտել ես.չեմ հավատում,որ ինքդ քեզ երբևէ չես փնտրել…
Մի օր հարմար պահը որսացի և սկսեցի ուշի ուշով հիշել անցած օր-տարիներս:Պարզվեց,որ բացի սխալներից,ուրիշ ոչինչ չկա:Չէ,անկեղծ չեմ,ճիշտ ու բարի նոտաներ էլ կային:Բայց դե կլինի ինքդ քեզ գովել,քեզանով հիանալ,որ դու…իսկ ուր կորավ իմ ասած ինքնավստահությունն ու եսասիրությունը…
…Մենք միշտ վիճում-դժգոհում ենք չհասկացված լինելու համար:Հետաքրքիր է`մենք ինչ ենք հասկանում,կարևորը`հասկացնել,դառնալ մատչելի.նույնիսկ ինքներս ենք մեզ համար անհասկանալի…
…Ես իսկապես անկեղծ եմ ասում,առանց այլևայլ ձևականությունների.քո մեջ ինչ-որ նմանություն-գաղափար-հայացքների նույնություն եմ տեսնում,անցկացնում զուգահեռներ ինձ հետ…և…և-ը առհասարակ առեղծվածի, թաքնված տողի,ենթատեքստ ասվածի գրվելիք կարճ ձև-բովանդակությունն է:Բացել չակերտները,նշանակում է կորցրեցիր գրածդ և բառի իմաստի հետաքրքրությունն ու թաքցված նպատակը…
…Երկու տարի առաջ էր,օրը չեմ հիշում,ավելի ճիշտ`հիշվող օրերից չէր,գրիչը վերցրի ու`’’Ես չեմ սիրում,երբ ինձ չեն սիրում’’ գրեցի:Զգացիր,չէ,ինչ գոռոզ,մեծամիտ,ինքնասիրահարված տող է:Արի,կլինի բովանդակությանը հանգիստ թողնենք…
Գիտես,սիրելիս,երբ մարդը գտնվում է իր ժամանակից դուրս տարածության մեջ և իր շրջապատից առանձնացված օազիսում դառնում է ինչ-որ մտքագիր,նրա ամեն մի խոսքը`թեկուզև անհեթեթ,դառնում է թևավոր նույն շրջապատի համար,նաև հետաքրքիր,և պատահական չէ,որ ես լոպազ-լոպազ,չտես-հպարտի պես իմ կյանքի օրագրի,իմ գրական տետրերի առաջին էջում`որպես գաղափարական կարգախոս,արտագրեցի Նժդեհի---Աստվածների ու գերմարդկանց ճակատագիրն է`լինել մենակ---թևավոր տողը.ինքս էլ եմ Նժդեհ…
…Մի անգամ,ավելի ճիշտ,երբ դեռ նոր էի ընդունվել ինստիտուտ,դասերն ավարտվելուց հետո,իմ դասընկերուհւներից մեկը խնդրեց միասին քայլել Մաշտոցի պողոտայով:Պատասխանը.մենք քայլելով իջնում էինք,ևինձ համար անսպասելի,ես լսեցի—դու գիտես,որ քեզ սիրում եմ---բառերը:Ինչքան հասկացա`անկեղծ էր:այդ պահին ասելիք չկար.իմ լռությունը համաձայնության նշան չէր:Ուղղակի համարձակությունս չներեց.-ներիր,ես քեզ չեմ նկատում>> ասելու համար…
--Ներիր,խնդրում եմ,-եղավ իմ ողջ խոստովանությունը:Հետևանքը`ես նրան այլևս չեմ տեսել:Նա հեռացավ մեր բուհից…
Մերժվածների ճակատագիր.
Սպանիչ է մերժվածի հոգեբանությունը. նա աշխատում է մեկուսանալ աշխարհից,արհամարհվածի պես լքում շրջապատը,հեռանում օրվա տրվելիք տրամադրությունից,կծկվում իր մեջ և դառնում ինքնամփոփ`իմ ու քո մոտ թողնելով տարօրինակի իր իսկ կողմից ձևած կերպարը…ես չասացի հիշաչարությունը,վրեժխնդրությունը,նպատակին չհասնելու ժամանակին արված աննպատակ քայլերն էլ թող դառնան չսպիացող ակոսներ,որ պիտի ճանապարհ հարթեն դեպի մենություն:Էլ ինչ ես ուզում.մարդը մնաց մենակ:Մենակությունը հարստություն է,և արժե այն պահպանել լոկ տխուր օրերի համար.քաոսը,ավելորդ աղմուկը հաճախ բթացնում է սեփական ուղեղդ և քեզ դարձնում պարզապես շարժվող օրգանիզմ.միտքը չկա,նրան սպանեց սիրտը`մեռած խղճով…իսկ փողոցում խենթերն են քայլում,քայլում`խենթացա~ծ,ցնորվա~ծ…
Ափսոս,սիրելիս,ափսոս չհասկացանք մենակության գինը,տարվեցինք մեր մեջ փթող հպարտությամբ,մեզ ամպեր հասցրած ինքնավստահությամբ,դիմացինի նախանձի թեմա դառնալու գնով`գոռոզությամբ,ու մենք չկանք,մենք չենք էլ եղել-նկատվել ենք պարզապես,չենք էլ ապրել-շնչել ենք պարզապես,չենք սիրել-սիրվել-ստախոսել-սիրախաղով ենք տարվել:Ասենք մենք ինչ պետք է անեինք,որ այս ենք արել.մենք մեզ ենք ճանաչել,հարազատս,ինքներս մեզ ենք ճանաչել.սա ենք մենք…
…Իսկ քաղաքականությունը հեշտ ու նաև հետաքրքիր զբաղմունք է`ճառեր,ճառեր,ճառեր…ոչինչ,որ չի լսվում,ոչինչ,որ արհամարհվում-անտեսվում է,ոչինչ,որ դու դառնում ես ապաբարոյական և կատարյալ սրիկա,կարևորը`ճառեր,ճառեր,ճառեր…
…Իսկ ժամանակը դատավճիռ է:Նրա մեջ մարդասիրություն,խղճահարություն չկա.մենք ուր ենք գնում կամ մենք ենք գնում,թե մեզ են քարշ տալիս…ուր…
…Մի անգամ`կլինի հինգ-վեց ամիս առաջ,ապրելու գինը վերնագրով հոգեբանական թեստը լրացնելուց պարզվեց,որ ինձ մնացել է ընդամենը ութ գարուններ տեսնել:Կհասցնեմ,հաստատ կհասցնեմ ապրելուց տեսնել նպատակներս…ոչինչ,որ ես չլինեմ…իսկ ես նույնպես ապրել եմ ուզում`թեկուզ անիմաստ,ոչ հետաքրքիր,աննպատակ…Հարց.արժե,արդյոք,ապրել,երբ բոլոր նպատակներդ ապրում մեծանում են աչքիդ առաջ…
Իսկապես դժվար է,դժվար է ապրել ու նպատակ չունենալ:Զարմանալին այն է, որ մարդու գլխավոր նպատակը հենց ապրելն է,իսկ ապրել աննպատակ,արդյոք,մարդու նպատակն է…
…Չէ,ինձ ճիշտ հասկացիր,ես գրող չեմ,ես բանաստեղծ չեմ,ես խոսք-բանագրող չեմ:Ես պարզապես գրում եմ,որ ես եղել եմ,որ գուցե լինեմ…իսկ հետո գալու է թերթերը հաշվելու ժամանակը.-Երջանկությունը կխանգարի…
Նկատել ես,չէ,որ մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը մսխել են երջանկության հետևից վազելու ճանապարհին.կանգառներում`հոգնա~ծ-ուժասպա~ռ-հիասթափվա~ծ մարդիկ:Իսկ մենք մտածում ենք մաքառումի,դեգերումի,Աստված իմ,պայքարի մասին:Դե հաղթանակն էլ հեչ որ ճլինի,բարոյականը միշտ կա ու կա.մեր պարանոցից կախված է…ինչպիսի~ երջանկություն…
Եվ,ուրեմն, նորաբաց այգում թառամած վարդերը միշտ դեղնում են մութը գալուն պես…Լուսաբացին.լուսաբաց չկա:Պարզապես օրն է անցնում,ու մենք այսքանից հետո դեռ ապրել ենք ուզում,նպատակի համար պայքար ենք մղում,որ----------------------------հաղթենք,որ գաղթենք…
--Չէր կարելի սիրելիս,այսքան պարտվել պարզապես չէր կարելի…ասես ո±վ էր մեղավոր…մնաս բարով…
08.05-11.05.2003թ Հանդիպիր`կզրուցենք.
Նորայր…