Արարատ քաղաքում սեպտեբերի 6-ին իր անչափահաս երեխաներին սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ ստացիոնար-դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովը տվել է եզրակացություն, որ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: «Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոյիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Այս պահին նախաքննական մարմին կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան»,- նշեց նա:
Ըստ այդմ, դատարանը վճիռ է կայացնելու, թե որ հոգեբուժարանում կպահեն Ռոզա Ալոյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռոզա Ալոյանը Նուբարաշեն հոգեբուժարանում մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Նա ներկայումս գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո, եւ արվում է ամեն ինչ` նրան ինքնավնասելու հնարավորությունից զրկելու համար:
Նշենք, որ Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին:
Նախաքննությամբ պարզվել էր, որ Ռոզա Ալոյանը, սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, ինքը միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:
Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վարդան Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:
Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը:
Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեխաների դիակները, ապա ձերբակալել էին Ռոզա Ալոյանին:
www.news.am