Ժամանակն ու
միջավայրը, սեփական երկրիդ պատմությունը հրամանի ուժ ունի, և դու` որպես
քո ունեցած ժամանակի մեջ հղկված, եփված, ցանկացած մտքի ու գրի հասանելի`
նրա հրամանով երբեմն տարրալուծվում ես իր հեղեղի մեջ, և քեզ այդ պահին
մնում է լսել լոկ սեփական անզորությանդ ճիչը…
Հետո,
երբ դուրս ես գալիս ժամանակի սահմաններից, ճակատագիրը քեզ բաժին է թողնում
երևակայության ոլորապտույտներում փնտրել-գտնելու սեփական երջանկության`
այդքան տանջված ճանապարհը.
Ինքներս մեզ գնահատելու ձևն ու եղանակը դեռևս չենք հասցրել սերտել կամ
չենք կարողացել, եթե, իհարկե, գլուխ գովալը, մեծամտանալը թողենք խաղից
դուրս, ու էս ինքնախաբկանքը ինձ ու քեզ, մեզ` բոլորիս, բերել-հասցրել է
ամպերի ճամփին, երթին` <Մնաս բարով> ասելը մոռանալով, երևի`
միտումնավոր…
Ափսո~ս էր, սպարապե’տ, էդ քո նպատակն ափսոս էր. դրա հետևանքն էլ
վերջակետվեց մեկս մյուսին միմյանցից բաժանելով, ու եկավ-հասավ ժամանակը
հիասթափության:
Հիասթափված
մարդուն, ազգին և’ խղճում են, և’ արհամարհում: Էս տեսակին կյանք հետ
բերելը մի իսկական հերոսություն կլինի, գումարած այն զոհողությունը, որ
սկսած կռիվ-պայքարդ վերջանա ՈՒՌԱ գոռալով…
Իմ ու քո այս խառնակ, հասկանալիորեն անըմբռնելի ժամանակներում /ինչ անելը/
դարձել է համարյա թե չապրելուց փրկվելու մասին մտորել-պայքարելու պես մի
բան, ու էս իմ ու քո /ինչ անելը/, այ’ կտեսնես, մեր գլխին ինչ փորձանք է
բերելու. մեղքը բեր փաթաթենք ում վզին, որ ասես,էական չէ: Որ ճիշտ ասենք,
էս էլ դեռ մեզ քիչ է.
…Գաս հասնես 20-րդ դարավերջ` մ.թ.ա. եսիմորերորդ դարից սկսած, լավ թե վատ
ստեղծես քո փոքրիկ հայրենիք-պետությունը, էդ մազապուրծի մտածողությունը
մեջդ ջարդես-սպանես, որպես հպարտության խորհրդանիշ` ստեղծես քո բանակն ու
իսկական հայկական հաղթանակ գրանցես թշնամուդ հաշվին ու հո’ղ, հայրենի հո’ղ
ազատագրես ու հետ գաս մտնես երկրիդ պառլամենտն ու բանակիդ, հաղթած բանակիդ
հրամանատար-սպարապետիդ գլխատե±ս…
…Էս ուրացումի, ուրացողության զգացողության ախտը որտեղից եկավ-հասավ մեզ ու դարձավ ուղենիշ-փարոս:
Չէ’, սպարապե’տ, հայրենիքի, պետության, երկրի զգացողություն չունենք,
որովհետև, զորավա’ր, "Մենք” ինչքան էլ, որ հին ենք, ցավալիորեն`
պատմություն չունենք: Մենք մեր պատմությունը մեր հետևից ջնջելով բերել
հասցրել ենք մեզ ու արդեն ինքներս ենք դառնում պատմություն`
ջնջվելու պայմանով:
----Բա ուր կորավ հիշողությունը, քո մեջ ապրող հայը, -կասե’ս, գիտե’մ:
Միամտորեն
անտեսել եմ մոռացումի զգացողության գոյության մասին: Մոռացումը խիղճ
չունի, ինչպես, որ խիղճ չունի սեփական ԵՍ-ի մեջ ուրիշի ԴՈՒ-ն
փնտրող-գտնողը:
Նոր-նոր էինք ոտքի կանգնում, հույս կար, հավատը սկսում էր իր տեղը ցույց
տալ, մենք Կամաց-կամաց գալիս-հասնում էինք քո տեսակին, խավարից բողոքելու
փոխարեն հա~ հա~ էր սկսել էինք վառել մեր մի հատիկ մոմը, մեր ուժը, մեր
հպարտությունը, արժանապատվությունը մեզ հետ էր` խնդրելով, աղաչելով,
պահանջելով, ստիպելով համոզում-հավատացնում էր, թե մեր տեսակի,
պատմականորեն ձևավորված մեր էս տեսակի գոյությունն է միակ
իրական երաշխիքը` գալիքի հպա~րտ, անսասա~ն, գաղափարապես միաձու~յլ հայրենիք-Հայաստան կերտելու համար:
Պարզ էր, մեր պատմությունից պարզ էր, որ չէին թողնելու: Հակառակը կլիներ
անտրամաբանական, և ինչքան էլ, որ սարսափելի է` հակահայկական:
Դառը,
շա’տ դառը բան եմ ասելու, սպարապե’տ, բայց քո գլխատումը եկավ հաստատելու,
որ մեր տեսակի մեջ մենք հաստատուն ենք ու անփոփոխ, մենք իրավունք չունենք
հպարտության զգացողություն ունենալուն, հոգեբանությունը` մազապուրծի` կա
ու կա…
Դու մեր ժամանակի հերոսը չէիր, դրա համար էլ չներվեցիր, քո ներկայությունը
հակաբնական էր. քեզ մերժելը, փաստորեն, մերժված չէր:
---Երանի~, երանի~ ԱՅԴ ՕՐԸ այդ օրը չլիներ ու առհասարակ ԱՅԴ ՕՐԸ ո’չ մի օր
չլիներ, և դու’ էլ չլինեիր, և այս կյանք-դատարկություն-անգոյության մեջ
նոր դատարկություն-անգոյություն չստեղծեիր, երանի~ ինքդ քեզ խաբել
չիմանայիր, երանի~ ինքդ ինձ մի պահ հասկանայիր. Կվերադառնա՞ս…
…Այս հավատում-չեմ հավատումի մեջ ինքնախաբկանքը իր զորության կենացն է
առաջարկում ինձ ու քեզ, երևի մեզ, ու մենք իսկապես հավատում-չենք հավատում
մեր ինքնախաբկանքին:
Եվ քո վերադարձի ճանապարհը ես չե’մ փակել-պատնեշելու, թեպե՞տ…
Ու կգա’ս, կգա’ս` նոր կյանք, հավերժություն հետդ բերելով, հետ դարձի
ուղեփակոցը վերջ ու վերջապես փակելու հաստատ խոստում-երդումով, ու կգա’ս
մութ ճանապարհով, որ չտեսնեն, չասեկոսեն-բամբասեն, գուցե նաև նախանձեն,
քայլքդ` գալիքին, ըղձանքիդ ճամփով դեպի լուսակերտ, դեմ առ դեմ կկանգնես
ինքդ քո առջև և մեղմաձայն կշշնջաս.
---Երա~զ էր,անդարձ դարձի եմ եկել…ԲԱՐՈ~Վ ԵՍ ԵԿԵԼ…
ՈՒ կգաս,սպարապե’տ, դու կգա՞ս.---Թող այս հարցին ես պատասխանեմ. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ…
Հարգելի Նորայր`ուշացումով կարդացի շնորհավորական ուղերձդ` <թույլ տուր ես այդպես անվանեմ այն> ՍՊԱՐԱՊԵՏԻՆ:Զարմանքով նկատեցի,որ իմ մտքերն ու մտորումները համարյա զսւգադիպում են ձեր զգացածի հետ:Ինձ թվում էր, եթե ես բարձրաձայն ասեի այդ մասին, գուցե անհասկանալի լինեի ու զարմանալի:Բայց հիմա շատ հանգստացա,որ ես միակը չեմ իմ զգացած ու ապրած ափսոսանքի մեջ:Բայց աստված շատ համարեց մեր ագգին նման ԽԵՆԹ հերոս և ՍՊԱՐԱՊԵՏ ունենալ :Կորուստի մեծությունը պիտի որ սթափեցնի մեր ազգին,բայց ավաղ,մենք շարունակում ենք նույն ճանապարհով գլորվել դեպի անդունդը:ՈՒզում եմ ավարտել խոսքս ՎԱՆՈՅԻ պատմվածքից մեջբերում անելով.ՁԵՌՔԴ ԵՏ ՏԱՐ ՑԱՎԻ ՎՐԱՅԻՑ...
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]